ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ ՕՐԵՆՔ

Փորձը ցույց է տալիս, որ հաղորդիչները տաքանում են, երբ նրանցով էլեկտրական հոսանք է անցնում: Հոսանքի ջերմային ազդեցությունը ուսումնասիրեցին անգլիացի ֆիզիկոս Ջ. Ջոուլը, իսկ ևս մեկ տարի անց՝ ռուս գիտնական Է. Լենցը: Նրանք միմյանցից անկախ սահմանեցին օրենք՝ Ջոուլ-Լենցի օրենքը, որը բացահայտում է, թե ի՞նչ մեծություններից և ինչպե՞ս է կախված հաղորդչում անջատված ջերմաքանակը: 

    Էմիլի Լենց Ջոուլ-Լենցի օրենքը հայտնագործվել է փորձնական ճանապարհով, սակայն դրան կարելի է նաև տեսական հիմնավորում տալ: Եթե շղթայի տեղամասում մեխանիկական աշխատանք չի կատարվում, նրանում քիմիական ռեակցիա տեղի չի ունենում, ապա հոսանքի ամբողջ աշխատանքը ուղղված է հաղորդչի ներքին էներգիայի մեծացմանը: 

Ընդ որում, հաղորդչի շրջապատի տրված Q ջերմաքանակը, համաձայն էներգիայի պահպանման օրենքի հավասար է հաղորդչի ներքին էներգիայի փոփոխությանը, այսինքն՝ հոսանքի աշխատանքին՝ A=QՔանի որ էլեկտրական հոսանքի կատարած աշխատանքը հավասար է A=U⋅I⋅T հետևաբար և Q=U⋅I⋅T Օգտվելով Օհմի օրենքից, բանաձևը կարելի է ներկայացնել նաև այլ տեսքով՝ Q=U2R⋅t կամ Q=I2⋅R⋅tԱյս վերջին բանաձևն էլ արտահայտում է Ջոուլ-Լենցի օրենքը:  Հոսանքակիր հաղորդչում անջատված ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսուհաղորդչի դիմադրության և նրանով հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:

Կոմունիստական կուսակցության մենիշխանությունը

Կոմունիստական մենիշխանության հաստատման առաջին քայլը բոլշևիկների կողմից «ձախ» դաշնակցականներին իշխանության մեջ տեղ հատկացնելու մասին համաձայնության (2 դեկտեմբերի, 1920թ.) խախտումն էր։ Իսկ 1921թ. վերջին ՀԿ(բ)Կ Կենտկոմը կազմակերպեց ցուցադրական «դատավարություն»՝ մերկացնելու համար Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Ապա նախապատրաստվեց և իրականացվեց գաղտնի գոյատևող Դաշնակցության, որպես կուսակցության, վերացումը։

1923թ. Երևանում կայացավ ՀՅ Դաշնակցության, այսպես կոչված, ինքնավերացման համագումարը։ Համագումարը դատապարտեց կուսակցության անցյալ գործունեությունը և որոշում ընդունեց իր գոյությունը Խորհրդային Հայաստանում դադարեցնելու մասին։ Հիշյալ համագումարի առիթով Հայաստանի գավառներում ու քաղաքներում, վստահելով կոմունիստների խոսքին, ինքնաբացահայտվել և ցուցակագրվել էր ավելի քան 4000 դաշնակցական։ Մի քանի տարի անց այդ ցուցակներն օգնեցին Արտակարգ հանձնաժողովին հետապնդելու դաշնակցականներին։

Այդպիսով, Հայաստանում Դաշնակցությունը, որպես հնարավոր ընդդիմադիր կուսակցություն, գոյություն չուներ։ Դադարեցրին իրենց գործունեությունը նաև մենշևիկները, էսէռները, հնչակյանները, Հայ ժողովրդական կուսակցությունը։ Ընդ որում, ազգային և մյուս բոլոր կուսակցությունները վերացվեցին ամբողջ ԽԱՀՄ-ում։ ՀամԿ(բ)Կ–ն մնաց միակ և կառավարող կուսակցությունը խորհրդային երկրում։ Չէին ընդունվում այլախոհությունը, այլակարծությունը։ Շինծու մեղադրանքներով Ի. Ստալինը շարքից հանում էր իր կուսակցական հակառակորդներին։ Ստալինի պաշտամունքը նրա դերի խիստ գերագնահատումն էր, երբ նրան էին վերագրվում ամբողջ ժողովրդի ջանքերով նվաճված հաջողությունները, ԽԱՀՄ-ի առաջադիմությունը և հաղթանակները։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ըստ էության, զուրկ էր ինքնուրույն քաղաքականություն մշակելու և իրականացնելու հնարավորությունից, կախյալ վիճակում էր Մոսկվայից։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կուսակցական ղեկավարությունը իր ձեռքում էր կենտրոնացրել հանրապետության ղեկավարման ու կառավարման ամբողջ համակարգը։

Քաղաքական բռնությունները

Բոլշևիկների կուսակցության ղեկավարությունը իշխանությունը պահելու ելքը տեսնում էր ոչ թե ժողովրդավարության, այլ հարկադրանքի, բռնության մեջ։ Առաջին զանգվածային բռնաճնշումները գործադրվեցին հայ սպայության նկատմամբ։ 1920 թ. դեկտեմբերին և 1921թ. հունվարին Հայաստանից արտաքսվեցին շուրջ 1400 հայ սպաներ։ Աքսորյալների թվում էին գեներալներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ։

1923թ. Դաշնակցություն կուսակցության «ինքնավերացման» համագումարից հետո, երբ արդեն ինքնաբացահայտվել և ցուցակավորվել էին այդ կուսակցության մի քանի հազար անդամներ, պատժիչ մարմինների գործը բավական հեշտացել էր։ 1920-ական թվականների երկրորդ կեսին և հետագայում մի քանի շուրջկալներ կազմակերպվեցին, և հարյուրավոր դաշնակցականներ, որոնց մի մասը իսկապես հրաժարվել էր կուսակցությունից, մեկուսացվեցին։

1930 թվականից, երբ «համատարած կոլեկտիվացման» պատճառով խիստ սրվել էր տնտեսական ու քաղաքական իրադրությունը, բռնությունները նոր թափ առան։

Շատ գյուղացիներ, որոնց պիտակավորում էին իբրև «կուլակներ», և ովքեր դեմ էին հարկադրական կոլեկտիվացմանը, արտաքսվեցին հայրենի գյուղերից։ Միայն 1930թ. առաջին կեսին Հայաստանում ունեզրկվել և արտաքսման էր ենթարկվել շուրջ 1100 գյուղացիական տնտեսություն։

Բռնությունը և հալածանքը չշրջանցեցին նաև եկեղեցուն։ Հարձակում իրականացվեց եկեղեցու և վանքերի հարստությունների վրա։ Նրանց անշարժ գույքը (կալվածքները) բռնագրավելուց հետո կողոպտվեցին մյուս հարստությունները։ Փակվեցին շատ եկեղեցիներ։

1926թ. որոշում ընդունվեց նաև այն մասին, որ եկեղեցին հրաժարվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ապրիլի 24-ը նշելուց։ Ընդ որում, խորհրդայնացումից ի վեր պետական կարգով այն չէր նշվում։

Մինչև 1937թ. վերջը Հայաստանում փակվել էր շուրջ 800 եկեղեցի։ Փաստորեն հատուկենտ եկեղեցիներ էին գործում։ Իսկ 1930–1938թթ. բռնություն էր գործադրվել 164 հոգևորականի նկատմամբ, նրանցից 91-ը գնդակահարվել էին։

ՀԿ(բ)Կ Կենտկոմը 1938թ. օգոստոսի 4-ին որոշում ընդունեց Էջմիածնի վանքը փակելու և հայ հոգևորականության համազգային կենտրոնը՝ Էջմիածնի կաթողիկոսությունը վերացնելու մասին։ Էջմիածինը փաստորեն զրկվել էր սփյուռքի հետ կապվելու, իր թեմերը ղեկավարելու հնարավորությունից։ Հայոց եկեղեցին ապրում էր ծանր օրեր։ Միայն վերահաս Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով փոփոխված իրադրությունը կանխեց այդ որոշման կենսագործումը։ Հայոց եկեղեցու գոյատևումը շարունակվեց, մեղմացավ ու փոխվեց քաղաքականությունը նրա նկատմամբ։

1930-ական թվականների կեսերին, երբ Ի. Ստալինի պաշտամունքը լիովին ձևավորվել էր, երկրում ծավալվեց կամայականությունների ու բռնությունների նոր ալիք։ 1936-1938 թվականները դարձան խորհրդային պատմության «սև տարիներ»։

Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) կուսմարզկոմի քարտուղար Ս. Կիրովի սպանությունն (1934թ.) օգտագործվեց բռնություններին նոր թափ հաղորդելու համար։ Բանտեր և աքսորավայրեր նետվեցին անմեղ մարդիկ։

ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, 35-ամյա Աղասի Խանջյանի սպանությունը, որը տեղի ունեցավ 1936թ. հուլիսին Թիֆլիսում, օգտագործվեց բռնությունները ծավալելու համար։ Նա ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրային կոմիտեի քարտուղար, Ի. Ստալինի դրածո Լ. Բերիայի զոհն էր։ Վերջինս հետագայում մերկացվեց և գնդակահարվեց, բայց մինչ այդ ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմի պաշտոնում հասցրեց մեծ չարագործություններ կատարել։

1936թ. օգոստոս-սեպտեմբերին Հայաստանում տեղի ունեցան նոր զանգվածային ձերբակալություններ։ Դրանք սկսվեցին մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ներսես Ստեփանյանի նկատմամբ շինծու գործով ու ձերբակալությամբ։ Մի գործ, որն անձամբ ղեկավարում էր ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղդուսին։ Նա հորինեց նաև մեկ այլ խմբի կեղծ գործ, որի մեջ էին գրողներ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Գուրգեն Մահարին և ուրիշներ։

1937թ. օգոստոսին հարցաքննության ժամանակ 3-րդ հարկի լուսամուտից իրեն դուրս նետեց (կամ դուրս նետեցին) Հայաստանի կառավարության նախկին նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը։ Այդ առիթով Ի. Ստալինը նամակով դիմեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյին՝ պահանջելով խստացնել պայքարը «հայ ժողովրդի թշնամիների» դեմ, որոնք իբրև թե ազատորեն թրև են գալիս և վնաս հասցնում ժողովրդական տնտեսությանը։ Դրա հետևանքով ուժեղացան բռնությունները։

Պատժիչ մարմինների, մատնիչների աչքից չվրիպեցին նաև գյուղատնտեսության, դպրոցի աշխատողները, ուսանողները։

Միայն 1937թ. Հայաստանում ձերբակալվել է 5000 մարդ։ Նրանց 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարության որոշում։

Բռնաճնշումների ծավալումը չէր կարող դառնալ անվերջ, մանավանդ երկրի միջազգային դրության սրվելու պայմաններում։ Ուստի 1938թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հատուկ որոշումներով տեղի ունեցավ որոշ մեղմացում։

Դրա հետևանքով քաղաքական մեղադրանքներով խորհրդային անմեղ մարդկանց բռնությունները նվազեցին, բայց լիովին չդադարեցին, ինչպես Հայրենական պատերազմի տարիներին, այնպես էլ դրանից հետո։ Իսկ 1949 թ. մարդկանց մեծ խմբեր աքսորվեցին Ալթայի երկրամաս։

Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց։

Այս ամենը հնարավոր դարձավ անսանձ բռնության ու ամբողջատիրության պատճառով, ժողովրդավարության բացակայության պայմաններում։ Ստալինյան ոճրագործություններին հնարավոր եղավ վերջ տալ միայն նրա մահից հետո (1953թ.)։